Պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցչի հետ
Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանը հյուրընկալել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ, գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ Քևին Համիլթոնին։
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ճանաչողական հանդիպմանը նախարարը շնորհավորել է Քևին Համիլթոնին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։
Պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության հիմնական ուղղություններն ու ապագա հեռանկարները։ Ուշադրություն է դարձվել բազմամյա համագործակցության շրջանակներում ձեռք բերված արդյունքներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի (SNGP) նախաձեռնություններին։
Քևին Համիլթոնը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին ընդհանուր եվրատլանտյան անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար։ Հանդիპմանը նշվել է Դաշինքի հետ գործնական համագործակցության կարևորությունը, ինչը մեծ դեր է խաղում պաշտպանության տրանսֆորմացիայի և ՆԱՏՕ-ի հետ փոխգործունակության բարձրացման տեսանկյունից։
Այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի ՆԱՏՕ-Վրաստան վարժանքների և գնահատման համատեղ կենտրոն (JTEC), որտեղ կծանոթանա միջազգային գործընկերների աջակցությամբ զարգացած կենտրոնի հնարավորություններին և առկա ենթակառուցվածքներին։