Պակիստանը, Հնդկաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին, մեկ ամսով փակել է օդային տարածքը Քարաչիի և Լահորի տարածաշրջաններում

16:00, 01.05.2025

Պակիստանի իշխանությունները Հնդկաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին մեկ ամսով փակել են օդային տարածքը Քարաչիի և Լահորի տարածաշրջաններում։ Այս մասին հայտնում է պակիստանական մամուլը։

Պակիստանի ավիացիայի ծառայության հայտարարության համաձայն՝ որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ Քաղաքացիական չվերթները կիրականացվեն այլընտրանքային երթուղիներով, իսկ օդային երթևեկության վերահսկիչները կուղղորդեն ինքնաթիռներին՝ ապահովելու անխափան թռիչքները։

Պակիստանի իշխանությունների գնահատմամբ՝ չվերթների ժամանակացույցը մեծ մասամբ անփոփոխ կմնա, և մասնակի սահմանափակումների պայմաններում թռիչքները, հավանաբար, կիրականացվեն սովորական ռեժիմով։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հնդկաստանը մայիսի 23-ը ներառյալ փակել է օդային տարածքը Պակիստանի ավիաընկերությունների համար։

Հիշեցնենք, որ Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունները լարվել են ապրիլի 22-ից հետո, երբ Քաշմիրի նահանգի՝ Հնդկաստանի վերահսկողության ներքո գտնվող հատվածում հարձակում տեղի ունեցավ։ Դրա արդյունքում զոհվել է 26 մարդ, վիրավորվել՝ 17-ը։

Նմանատիպ