Օթար Շամուգիան ստուգել է պետական համաֆինանսավորմամբ ստեղծված ջերմոցը
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան, Իմերեթիի շրջանի պետական լիազոր Զվիադ Շալամբերիձեն և Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Բեժան Ծաքաձեն ստուգել են Ֆարցխանականև գյուղում պետական համաֆինանսավորմամբ ստեղծված ջերմոցը։ Այս մասին հայտնում է շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։
Նրանց տվյալներով՝ ֆերմեր Գիվի Բուրջանաձեն Ֆարցխանականև գյուղում ջերմոց հիմնելու համար ներդրել է 150 հազար լարի, այդ թվում՝ 99 հազար լարի պետական աջակցություն, արտոնյալ ագրովարկով։ Ջերմոցում 4 մարդ է աշխատում։ Արտադրանքն իրացվում է արտահանման շուկայում։
«Գյուղատնտեսական արտադրանքի աճին նպաստելու համար պետությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում։ Այս ծրագրերը ֆինանսական, տեխնիկական և մարքեթինգային աջակցություն են տրամադրում ֆերմերներին: Գյուղատնտեսական արտադրության ոլորտում միջազգային չափանիշների ջերմոցների ստեղծումը մեր առաջնահերթություններից է։ Ողջ հանրապետությունում միայն արտոնյալ ագրովարկային ծրագրի շրջանակներում 132 մլն լարիի ավելի քան 1600 վարկ է տրամադրվել ջերմոցային տնտեսությունների ստեղծման և զարգացման համար, որտեղ պետական համաֆինանսավորումը կազմում է ավելի քան 21 մլն լարի», ասել է Օթար Շամուգիան։
Իմերեթի տարածաշրջանում ջերմոցների ստեղծման և զարգացման ուղղությամբ 37 մլն լարիի ավելի քան 700 վարկ է տրամադրվել, գործակալության կողմից տրամադրված համաֆինանսավորումը կազմում է ավելի քան 6 մլն լարի։