Օթար Շամուգիա. Վերջին տասը տարում առաջնային արտադրության մասով 80-85 տոկոս աճ է գրանցվել
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան Վրաստանի Առաջին ալիքի «Գործարար գործընկեր» հաղորդաշարում ամփոփել է նախարարության 2022 թվականի գործունեությունը։
Օթար Շամուգիան շեշտը դրել է գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտում ձեռք բերված արդյունքների, ապագա ծրագրերի և մարտահրավերների վրա։
«Երկու օր առաջ Վրաստանի վարչապետը զեկույց ներկայացրեց հանրությանը և խոսեց երկրում բազմաթիվ ուղղություններով գրանցված նշանակալի արդյունքների ու ձեռքբերումների, ինչպես նաև այն լայնածավալ ծրագրերի մասին, որոնք մենք մտադիր ենք իրականացնել։ Երկնիշ տնտեսական աճը, որը մենք ունենք և պահպանում ենք վերջին երկու տարիներին, թույլ է տալիս իրականացնել նոր ծրագրեր, որոնք ավելի մեծ բարգավաճում կբերեն մեր բնակչությանը։ Դրանց թվում են, իհարկե, գյուղատնտեսությունը և շրջակա միջավայրի խնամքը, շրջակա միջավայրի պահպանությունը»,- ասել է Օթար Շամուգիան։
Նախարարը նշեց, որ 2013 թվականից կառավարությունը գյուղատնտեսության զարգացումը հայտարարել է որպես առաջնահերթություն և սկսել է քայլ առ քայլ իրականացնել համապատասխան ծրագրեր։
«Այս նախագծերի նպատակն է, առաջին հերթին, աջակցել մեր ֆերմերներին, ձեռներեցներին ավելի մեծ հասանելիություն ապահովել ֆինանսների նկատմամբ։ Նաև, որ նրանք հնարավորություն ունեն ներդնելու ժամանակակից տեխնոլոգիաներ, նոր այգիներ հիմնելու, նոր տեխնիկա գնելու և այլն»,- ասել է Օթար Շամուգիան։
Նախարարը նաև ուշադրություն է հրավիրել առաջնային արտադրության ուղղությամբ առկա արդյունքների վրա։
«Կարևոր է նշել, որ առաջնային արտադրության սեգմենտում վերջին տասը տարիների ընթացքում արտադրանքն աճել է գրեթե 80-85 տոկոսով։ Անցյալ տարվա տվյալներով մենք 3 միլիարդ 600 միլիոնից հասել ենք մոտ 6,5 միլիարդի; Վերամշակված արտադրանքի մասով՝ չորս միլիարդից մինչև մոտավորապես 7,3 միլիարդ լարիի։ Այս տարի, ինն ամիսների տվյալներով, առաջնային արտադրության մասում ունենք 5,5 մլրդ լարի արտադրանք, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կա մոտ 13-14 տոկոս աճ։ Մինչև տարեվերջ, կարծում եմ, ավելի բարելավված ցուցանիշ կունենանք։ Այստեղ կանդրադառնամ արտահանման տվյալներին, որտեղ ունենք շատ զգալի՝ մոտավորապես 125-130 տոկոս աճ, իսկ այս տարի, կարծում եմ, առաջին անգամ կունենանք մոտավորապես 1,3 միլիարդ դոլարի արտահանման ցուցանիշ»,- հայտարարել է Օթար Շամուգիան։