Օթար Շամուգիա - Տասը տարի առաջ խաղողագործները մոտ 35-40 մլն լարիի եկամուտ ունեին, անցյալ տարի այս ցուցանիշը 270 մլն լարի էր
Վերջին 10 տարիների ընթացքում մոտ 50 հազար տոննա խաղողի բերքից վերամշակված խաղողի քանակը զգալիորեն աճել է և այս տարի կազմել է մոտ 260 հազար տոննա,- ասել է շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան։
Լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտին, այդ թվում՝ խաղողագործությանն ու գինեգործությանը ցուցաբերվող աջակցությունն աննախադեպ է։
«Վերջին շրջանում մենք տարբեր հարցեր ենք լսում խաղողի, բերքահավաքի, ցորենի, ընկույզի հետ կապված, և, ցավոք, այդ հարցերը քաղաքականացվում են մեր ընդդիմախոսների կողմից։ Ուզում եմ միանշանակ փաստել, որ այն աջակցությունը, որ ստացել է գյուղատնտեսության ոլորտը վերջին տարիներին, այդ թվում՝ խաղողագործության և գինեգործության ուղղությամբ, աննախադեպ է»,- ասաց Օթար Շամուգիան։
Լրատվամիջոցների հետ հանդիպմանը նախարարն ընդգծել է նաև գինու արտահանման աճը վերջին տարիներին։
«10 տարի առաջ գինու արտահանումը 20 մլն լիտր էր, այս տարի ակնկալում ենք արտահանել մոտ 120 մլն լիտր գինի։ Եթե գումարային առումով գնահատենք, ապա խոսքը գինու եւ ոգելից խմիչքների մասով մոտ 400 մլն դոլարի արտահանման մասին է։ Սա շատ մեծ եկամտի աղբյուր է մեր արտադրողների, գինեգործների և, ընդհանրապես, երկրի համար։ Անընդհատ քննադատություններ ենք լսում, հիմա մեզ առաջարկում են անընդունելի բերքի համար սուբսիդավորում տալ, մինչդեռ տարիներ շարունակ ասում էին, որ սուբսիդավորումը վատ է, և մենք դա չպետք է իրականացնենք։ Սա, իմ կարծիքով, պոպուլիզմ է։ Մենք աջակցում ենք և՛ խաղողագործության, և՛ գյուղատնտեսության այլ ոլորտներին, և այս աջակցությունը կշարունակվի նաև ապագայում»,- ասաց Օթար Շամուգիան։
Լրատվամիջոցների հետ զրույցում նախարարը նաեւ նշել է, որ տարվա ընթացքում գինու շուկայավարման վրա ծախսվում է մոտավորապես 16 մլն լարի։
«Վերջին տարիներին մենք շուկայավարման առումով ծախսել ենք ավելի քան 80 մլն լարի՝ մեզ համար առաջնահերթություն հանդիսացող այդ շուկաներում գինին խթանելու համար։ Սրա արդյունքում 5-6 անգամ ավելացրել ենք բերքատվության և արտահանման ցուցանիշները և, բնականաբար, շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ։ Մեր նպատակն է մինչև 2030 թվականն ունենալ գինու և ոգելից խմիչքների արտահանումից մոտ մեկ միլիարդ դոլարի եկամուտ։ Մենք շարունակում ենք նպատակային աջակցություն ցուցաբերել, որը կունենա կոնկրետ արդյունքներ»,- ասել է Օթար Շամուգիան։