Օփրա Ուինֆրին չի ծրագրում մասնակցել ԱՄՆ նախագահի ընտրություններին

Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին չի առաջադրի իր թեկնածությունը 2020 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Նման բան տեղի չի ունենա»,-հեռուստաալիքին հայտնել է Ուինֆրիին մոտ աղբյուրը,- «Նա առաջադրվելու մտադրություն չունի»։

Օփրա Ուինֆրին հունվարի 7-ին Լոս Անջելեսում ելույթ է ունեցել «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխության 75-րդ արարողությանը, որից հետո ԶԼՄ-ներում սկսեցին տեղեկություններ շրջանառվել այն մասին, թե հեռուստահաղորդավարուհին 2020 թվականին կառաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում։