Օնիի մունիցիպալիտետում սկսվել է Շքմերի-Մրավալձալի ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունը

13:08, 04.08.2026

Վրաստանի կառավարության կարգադրության հիման վրա Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը Օնիի մունիցիպալիտետում սկսել է ավելի քան ինը կիլոմետր երկարությամբ տեղական նշանակության Շքմերի-Մրավալձալի ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունը։

Ենթակառուցվածքների նախարարության տեղեկացմամբ՝ Շքմերի-Մրավալձալի ճանապարհի վերականգնումը Ռաչայի տարածաշրջանի համար կարևորագույն ենթակառուցվածքային ծրագրերից մեկն է։

«Բարձրլեռնային ռելիեֆում գտնվող Շքմերին և Մրավալձալին աչքի են ընկնում ինչպես պատմամշակութային, այնպես էլ զբոսաշրջային նշանակությամբ։ Երկու գյուղերում էլ տեղակայված են հնագույն եկեղեցիներ, իսկ Շքմերի գյուղում գտնվում են կանյոնը, կարստային քարանձավը և բնական այլ տեսարժան վայրեր, որոնք ամեն տարի գրավում են բազմաթիվ տեղացի և օտարերկրացի այցելուների։ Առկա խճապատ ճանապարհը զգալիորեն վնասված է, ինչը դժվարացնում է տեղաշարժը ինչպես տեղի բնակչության, այնպես էլ զբոսաշրջիկների համար։ Չոր եղանակին ճանապարհին փոշոտվածությունը բարձր է, իսկ տեղումնառատ շրջանում տեղաշարժվելն ավելի է դժվարանում։ Ծրագրի ավարտից հետո բնակչությունը և այցելուները կկարողանան տեղաշարժվել անվտանգ, հարմարավետ և անխափան։ Նորացված ճանապարհային ենթակառուցվածքը կնպաստի զբոսաշրջային ներուժի առավել լիարժեք յուրացմանը և նոր տնտեսական հնարավորությունների ստեղծմանը։ Աշխատանքների արժեքը կազմում է մինչև 23 միլիոն լարի, իսկ ծրագրի ավարտը նախատեսված է 2028 թվականի վերջին», – նշված է տարածված հաղորդագրության մեջ։

Նմանատիպ