Օնիի քաղաքապետարանը տեղեկատվություն և լուսանկարներ է տարածում աղետի և փրկարարական միջոցառումների մասին
Օնիի մունիցիպալիտետի քաղաքապետարանը տեղեկատվություն և լուսանկարներ է տարածում Շովի հանգստավայրում տեղի ունեցած աղետի և փրկարարական միջոցառումների մասին։
«Օգոստոսի 3-ին Բումբուրա գետի վարարման հետեւանքով Օնիի մունիցիպալիտետի Շովի հանգստավայրի «Սանսեթ Շովի» հյուրանոցի մոտ տեղի է ունեցել սողանք։ Բնական աղետի հետեւանքով ավերվել է հանգստավայրի ենթակառուցվածքը։
Նրանց տվյալներով՝ լեռներում տեղացած հորդառատ անձրևից վարարած գետը քշել տարել է կամուրջները։ Ճանապարհի նշված հատվածներով արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժը:
Տեղում մոբիլիզացվել է տեխնիկա, և ամենակարճ ժամկետներում սկսվել են մաքրման աշխատանքները։
ՆԳՆ աշխատակիցների կողմից Օնիի մունիցիպալիտետում շարունակվող փրկարարական աշխատանքների արդյունքում աղետի գոտում գտնվող շուրջ 70 քաղաքացիներ տեղափոխվել են անվտանգ տարածք։
Աղետի գոտում էին Վրաստանի կառավարության տարածաշրջանների հետ կապերի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Մերաբ Գամղրելիձեն, ՆԳ փոխնախարարներ Իոսեբ Ճելիձեն և Գիորգի Բութխուզին, Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մգեբրիշվիլին:
Տուժած բնակչության տարհանմանը անձամբ մասնակցել է Ռաճա-Լեչում-Քվեմո Սվանեթի շրջանի պետական լիազոր Պապունա Մարգվելիձեն։
Միջոցառմանը ներգրավված են եղել սահմանապահ ոստիկանության երկու ուղղաթիռներ, նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ-փրկարարներ, ոստիկանության ստորաբաժանումների աշխատակիցներ և բոլոր համապատասխան պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ»,- հայտնել են Օնիի քաղաքապետարանից։