Օնի քաղաքի մուտքի մոտ երթևեկությունը ժամանակավորապես կուղղվի շրջանցիկ ճանապարհով

19:54, 10.07.2026

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվությամբ՝ ներպետական նշանակության Քութայիսի (Ճոմա)–Ալպանա–Մամիսոնի լեռնանցք ավտոճանապարհի 107 կմ–112 կմ հատվածում առկա սողանքային գոտու վերականգնման և պաշտպանիչ աշխատանքների իրականացման նպատակով 2026 թվականի հուլիսի 11-ից ավտոտրանսպորտի երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։

Նրանց հաղորդմամբ՝ այդ ժամանակահատվածում Օնի քաղաքի մուտքի մոտ երթևեկությունը կփոխադրվի հատուկ կառուցված շրջանցիկ ճանապարհ։

Աշխատանքների ընթացքում դեպի Օնի տրանսպորտային երթևեկությունը կիրականացվի ներպետական նշանակության Սաչխերե (Սարեկի)–Ուզունթա–Շքմերի–Զուդալի, ինչպես նաև տեղական նշանակության և ներպետական նշանակության Գուֆթա–Օնի ավտոճանապարհներով և հակառակ ուղղությամբ։

Բացի այդ, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվությամբ՝ տեղական նշանակության ավտոճանապարհին կարգելվի այն տրանսպորտային միջոցների տեղաշարժը, որոնց առավելագույն թույլատրելի զանգվածը գերազանցում է 8 տոննան։

«Ընթացիկ տարվա մայիսի 1-ին, Օնի քաղաքի մուտքի մոտ, լեռան լանջին զարգացած սողանքային գործընթացների հետևանքով վնասվել է ավտոճանապարհի երթևեկելի մասը։ Իրավիճակի գնահատման և համապատասխան տեխնիկական լուծումների մշակման գործում ներգրավված են եղել երկրաբաններ, նախագծային կազմակերպության ներկայացուցիչներ և այլ համապատասխան մասնագետներ։

Երթևեկության անընդհատությունն ապահովելու համար զուգահեռաբար կառուցվել է ժամանակավոր այլընտրանքային ճանապարհ, որի վրա արդեն տեղադրվել է ասֆալտի ծածկ։ Սա թույլ կտա բնակչությանը և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին՝ հիմնական ճանապարհին ընթացող աշխատանքների ժամանակահատվածում անխոչընդոտ օգտվել շրջանցիկ երթուղուց։

Օնի քաղաքի մուտքի մոտ սողանքային գործընթացների կայունացման և ճանապարհի վերականգնման աշխատանքները կշարունակվեն ինտենսիվորեն, որպեսզի անվտանգության բոլոր պահանջների պահպանմամբ երթևեկությունը վերականգնվի հնարավորինս սեղմ ժամկետներում»,— ասված է ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Նմանատիպ