Օլիմպիական և Պարաօլիմպիկ խաղերի մրցանակակիրները սպորտի համալսարան կընդունվեն առանց քննությունների
Վրաստանի ազգային հավաքականի այն անդամները, ովքեր Օլիմպիական և Պարաօլիմպիկ խաղերում կդառնան ոսկե, արծաթե կամ բրոնզե մեդալակիրներ, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի առաջնություններում կզբաղեցնեն առաջին տեղը, կկարողանան ընդունվել Վրաստանի ֆիզիկական դաստիարակման և սպորտի պետական համալսարան, առանց միասնական ազգային քննությունների:
Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաձեռնությունը նախատեսում է փոփոխություններ մտցնել «Բարձրագույն կրթության մասին» Վրաստանի օրենքում, որն առաջին ընթերցմամբ քննարկվել է սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովում։ Հարցի զեկուցող, կրթության և գիտության փոխնախարար Վալերիան Գոբրոնիձեի խոսքով, օրենքի պահանջը կտարածվի նաև այն մարզիկների վրա, ովքեր Տոկիոյի Օլիմպիական խաղերում առաջին տեղ են գրավել և դարձել ոսկե մեդալակիր։
Նիստում հանձնաժողովի անդամներն իրենց տեսակետներն են հայտնել օրինագծի վերաբերյալ և քննարկել լրացուցիչ փոփոխություններ կատարելու հնարավորությունը։ Քննարկման գործընթացին ներկա էին մշակույթի և սպորտի փոխնախարարը և Ֆիզիկական դաստիարակության և սպորտի պետական համալսարանի ռեկտորը։ Հանձնաժողովի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին իր գործընկերներին առաջարկել է նախաձեռնություն, ըստ որի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները կհեռացվեն ներկայացված օրինագծից։
«Մենք կարող ենք շարունակել քննարկումը։ Այս փուլում թողնենք միայն օլիմպիական և պարաօլիմպիկ մրցանակակիրներին, այդ թվում՝ 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական մրցանակակիրներին և ապագայում քննարկենք աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների հարցը»,- ասել է Միխեիլ Ղավելաշվիլին։
Հանձնաժողովի անդամները կողմ են քվեարկել հանձնաժողովի նախագահի նախաձեռնությանը և նրա ներկայացրած ձևակերպմանը։