Օլաֆ Շոլց. ԵՄ-ն կանի ամեն ինչ, որպեսզի կախված չլինի ռուսական էներգառեսուրսներից, բայց այս պահին չի կարող ամբողջությամբ հրաժարվել
Եվրամիությունը կանի ամեն ինչ, որպեսզի կախված չլինի ռուսական էներգառեսուրսներից, սակայն այս պահին կազմակերպությունը չի կարող ամբողջությամբ հրաժարվել ռուսական էներգետիկ ռեսուրսներից,- ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում։
Օլաֆ Շոլցը և Ռոբերտա Մեցոլան քննարկել են Ուկրաինայում ռուսական ագրեսիան և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
Գերմանիայի կանցլերի խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ազդեցությունն արդեն տեսանելի է, և այն օրեցօր ավելի դրամատիկ է դառնալու։
Այդուհանդերձ, Շոլցը նշել է, որ էներգետիկ ռեսուրսների վրա էմբարգո կիրառելու վերաբերյալ Գերմանիայի դիրքորոշումը մնում է անփոփոխ։
«Մենք որոշել ենք որքան հնարավոր է շուտ անկախանալ Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսներից և այդ հարցով աշխատում ենք ամեն օր ու ինտենսիվ։ Սա պահանջում է ենթակառուցվածքների ստեղծում և այլ մատակարարների հետ նոր պայմանագրերի կնքում։ Եթե դիվերսիֆիկացիան արագ տեղի ունենա, ապա արդյունքը կլինի ավտոմատ», – ասաց Օլաֆ Շոլցը: