Օլաֆ Շոլց. ԵՄ երկրների մեծ մասը բավարար քայլեր չի ձեռնարկում Ուկրաինային աջակցելու համար
ԵՄ երկրների մեծ մասը բավականաչափ ջանքեր չի գործադրում Ուկրաինային աջակցելու համար, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Շատ մայրաքաղաքներում պետք է հարց տալ՝ իսկապե՞ս մենք բավականաչափ անում ենք։ Շատ դեպքերում պատասխանը կլինի՝ ոչ»,- ասել է Օլաֆ Շոլցը։
Բացի այդ, Գերմանիայի կանցլերը նշել է, որ ռազմական օգնության առումով Գերմանիան Ուկրաինայի ամենամեծ աջակիցն է Եվրոպայում, թեև միայնակ չի կարող օգնություն ցուցաբերել։
Շոլցի խոսքով՝ ինքը գոհ է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի արդյունքներից։ Նրա խոսքով՝ այն, որ Եվրամիության անդամ 27 երկրները ճանապարհ են բացել Ուկրաինային օգնության նոր փաթեթի համար, լավ է ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Եվրամիության համար։
«Դա շատ հաջող գագաթնաժողով էր»,- ասել է Շոլցը։
Հիշեցնենք՝ Եվրամիությունը հավանություն է տվել Ուկրաինային ֆինանսական օգնության տեսքով 50 միլիարդ եվրոյի հատկացմանը։