Օլաֆ Շոլց. Մենք կցանկանայինք խորացնել համագործակցությունը Հնդկաստանի հետ պաշտպանության ոլորտում և պայմանավորվել մեր ռազմական ուժերի մերձեցման շուրջ
Օլաֆ Շոլց. Մենք կցանկանայինք խորացնել համագործակցությունը Հնդկաստանի հետ պաշտպանության ոլորտում և պայմանավորվել մեր ռազմական ուժերի մերձեցման շուրջ

Գերմանիան ցանկանում է խորացնել պաշտպանական կապերը Հնդկաստանի հետ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Նյու Դելիում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպումից հետո։

«Մեր ուղերձը պարզ է, մեզ ավելի շատ համագործակցություն է պետք, ոչ պակաս։ Հնդկաստանի հետ մեր միջկառավարական խորհրդակցությունների ընթացքում մենք կցանկանայինք խորացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում և պայմանավորվել մեր ռազմական ուժերի մերձեցման շուրջ»,- ասել է Շոլցը։

Ռոյթերս-ի փոխանցմամբ՝ Շոլցը Հնդկաստանում է բարձրաստիճան պատվիրակության հետ, որի կազմում են նախարարների կաբինետի անդամների մեծ մասը։ Գերմանիայի կանցլերը նաև կոչ է արել առաջընթաց ունենալ Եվրամիության և Հնդկաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում:

«Վստահ եմ, որ եթե մենք միասին աշխատենք այս հարցի շուրջ, պարոն վարչապետ, դա հնարավոր կլինի ոչ թե տարիներ, այլ ամիսների ընթացքում»,- ասել է Օլաֆ Շոլցը։