Օլաֆ Շոլց. Գերմանիան և Միացյալ Նահանգները Ուկրաինայի անվտանգության հարցերի շուրջ միշտ միասին կաշխատեն
Գերմանիան և ԱՄՆ-ն Ուկրաինայի անվտանգության հարցերի շուրջ միշտ միասին կաշխատեն ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Մենք միասնական ենք Ուկրաինայի և անելիքների վերաբերյալ մեր գնահատականում։ Կարող եմ շատ հստակ ասել՝ Գերմանիան և Միացյալ Նահանգները միշտ միասին աշխատելու են Ուկրաինայի անվտանգության հարցերի շուրջ։ Այդպես էր ի սկզբանե և այդպես կլինի հետո՝ սերտ համագործակցությամբ և համակարգմամբ», – ասել է Օլաֆ Շոլցը Ջո Բայդենի հետ G7-ի շրջանակներում հանդիպման ժամանակ։
Շոլցի խոսքով՝ G7 երկրները, ինչպես նաև ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը, ի սկզբանե միասին աշխատել են՝ աջակցելու Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ և կշարունակեն դա անել նաև ապագայում:
«Վստահաբար կարող եմ ասել, որ Պուտինը չէր սպասում, որ Ուկրաինայի լայն միջազգային աջակցությունը կդառնա իր մշտական գլխացավանքը, ինչպես նաև ուկրաինացիների քաջությունն ու տոկունությունը՝ պաշտպանելու իրենց պետությունն ու ժողովրդավարությունը», – ասել է Գերմանիայի կանցլերը։
Օլաֆ Շոլցը նույնպես դատապարտել է այսօր Կիևի հրթիռակոծությունը և ասել, որ G7 երկրները Ուկրաինայի կողքին են՝ նրա ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը և վճռականությունը պաշտպանելու համար պայքարում։
Գերմանիայի կանցլերը նշել է, որ նախատեսվում է քննարկել արտաքին և անվտանգության քաղաքականության հարցեր և մտքեր փոխանակել։
«Անհրաժեշտ է աշխատել անվտանգության ոլորտում՝ ստեղծելու խաղաղության ճարտարապետություն, որը կերաշխավորի խաղաղությունը և չի լինի սպառնալից, ռիսկային։ Մենք ընդհանուր տեսակետ ունենք աշխարհի մասին, հավատք ժողովրդավարության և օրենքի գերակայության նկատմամբ», – ասել է Շոլցը: