Օլաֆ Շոլց. Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է լուծեն իրենց տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով
Օլաֆ Շոլց. Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է լուծեն իրենց տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարում է, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է լուծեն իրենց տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով։

Այս դիրքորոշումը Շոլցը հայտնել է Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ ընթանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանը։

«Մենք անկեղծ ջանքերով աջակցում ենք դիվանագիտական ​​բանակցություններին՝ հասնելու բոլոր առկա խնդիրների խաղաղ, փոխհամաձայնեցված լուծմանը ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև, այնպես էլ հենց Ադրբեջանում», – ասել է Գերմանիայի կանցլերը։

Շոլցը սոցիալական ցանցերում ևս արձագանքել է Ղարաբաղում տիրող իրավիճակին և նշել, որ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր հարձակումները։

«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն։ Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակը ծայրահեղ ծանր է: Բաքվի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումները և վերադառնա դիվանագիտության՝ խնդիրների խաղաղ լուծում գտնելու համար»,- գրել է Շոլցը «Twitter»-ի իր էջում։