Օլաֆ Շոլց. 2024 թվականը պետք է լինի խաղաղության տարի Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, սա հնարավորություն է և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն
Օլաֆ Շոլց. 2024 թվականը պետք է լինի խաղաղության տարի Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, սա հնարավորություն է և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն

2024 թվականը կարող է և պետք է լինի խաղաղության տարի Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, սա հնարավորություն է և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն, Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Իհարկե, մենք քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը, և մենք համաձայն ենք, որ այս հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, շանսերն ավելի լավ են, քան եղել է երկար ժամանակ։ Դրա համար էլ ճիշտ է, որ դուք հիմա ուղղակի անձնական կապի մեջ եք վարչապետ Փաշինյանի հետ։ Մյունխենում մեր վերջին հանդիպմանը երկուսդ էլ ինձ վստահեցրիք, որ չլուծված հարցերը կարող են լուծվել միայն խաղաղ ճանապարհով»,- ասել է Օլաֆ Շոլցը։

Կանցլերը կոչ է արել երկու երկրներին ցուցաբերել կամք և քաջություն՝ գնալու անհրաժեշտ փոխզիջումների։

«2024 թվականը կարող է և պետք է լինի խաղաղության տարի տարածաշրջանի համար։ Սա հնարավորություն է և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն։ Սահմանազատման գծի վերաբերյալ նախնական համաձայնության մասին վերջին հաղորդումները խոստումնալից են: Հիմա ժամանակն է պահպանել այս թափը և ձեռնարկել հաջորդ համարձակ քայլերը»,- ասել է Օլաֆ Շոլցը։

Գերմանիայի ղեկավարի խոսքով՝ Իլհամ Ալիևի հետ նա քննարկել է նաև Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմը և այդ պատերազմի ազդեցությունը Ադրբեջանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա։

Զրույցում անդրադարձ է եղել նաև կլիմայական քաղաքականությանը։ Գերմանիայի կանցլերը դրական է գնահատել 2030 թվականին էլեկտրաէներգիայի ոլորտում վերականգնվող էներգիայի մասնաբաժինը 30 տոկոսի հասցնելու Ադրբեջանի ծրագիրը։ Օլաֆ Շոլցի կարծիքով՝ Գերմանիայի նպատակն է այդ մասնաբաժինը երկրում դարձնել 80%։ Ինչպես նշել է Շոլցը, 2029 թվականին Բաքվում կայանալիք Կլիմայի գլոբալ համաժողովը աշխարհի և ողջ տարածաշրջանի համար հիանալի հնարավորություն է խորացնելու համագործակցությունը կլիմայական քաղաքականության հարցերի շուրջ։

«Ադրբեջանը կարեւոր գործընկեր է Եվրոպայի մատակարարման անվտանգության, այդ թվում՝ էներգետիկ հարցերի համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել համագործակցության համար, որը կարևոր ներդրում էր և կա մեր էներգամատակարարման կայունության գործում»,- ասել է Շոլցը։

Գերմանիայի կանցլերը նշել է նաև, որ Ալիևի հետ քննարկել է քաղաքացիական հասարակության և ազատ լրատվամիջոցների դերը, ինչպես նաև իրավիճակը մարդու իրավունքների առումով։