Odoxa հետազոտության համաձայն՝ Ֆրանսիայի ծայրահեղ աջ կուսակցությունները կարող են բացարձակ մեծամասնություն ստանալ արտահերթ խորհրդարանական ընտրություններում
Ֆրանսիայում ծայրահեղ աջ կուսակցությունները կարող են բացարձակ մեծամասնություն ստանալ արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին նշված է ֆրանսիական Odoxa հետազոտական ընկերության կողմից անցկացված հարցումներում։
Ըստ հարցումների՝ ծայրահեղ աջերը կարող են ունենալ 250-ից 300 ներկայացուցիչ Ազգային ժողովում, որտեղ բացարձակ մեծամասնության համար անհրաժեշտ է 289 մանդատ։
Հարցման համաձայն՝ «Ազգային միաբանություն» կուսակցությունը, որի ոչ ֆորմալ առաջնորդը Մարին Լը Պենն է, հունիսի 30-ին կայանալիք քվեարկության առաջին փուլում կհավաքի ձայների 33 տոկոսը, իսկ «Նոր ժողովրդական ճակատ» կոչվող ձախ-կանաչ կոալիցիան՝ 28 տոկոսը: Երկրի նախագահ Էմանուել Մակրոնի լիբերալ ճամբարը կստանա ձայների 19 տոկոսը։
Մակրոնը հունիսի 9-ին ցրել է խորհրդարանը՝ Եվրախորհրդարանի ընտրություններում իր կուսակցության պարտությունից հետո։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ արտահերթ ընտրությունները կանցկացվեն հունիսի 30-ին (առաջին փուլ) և հուլիսի 7-ին (երկրորդ փուլ)։ Խորհրդարանը ցրելու որոշումից հետո Մակրոնի վարկանիշն իջել է վեց կետով։