Նյու Յորքում սկսվել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քրեական գործի դատավարությունը։ Խոսքը լռության համար պոռնոաստղ Սթորմի Դենիելսին վճարելու մասին է:
Նախկին նախագահը մինչ նիստերի դահլիճ մտնելը գործընթացը որակեց քաղաքական հետապնդում։
«Սա հարձակում է ԱՄՆ-ի վրա։ Այդ իսկ պատճառով ես շատ հպարտ եմ, որ այստեղ եմ։ Սա հարձակում է քաղաքական հակառակորդի վրա»,- ասել է Թրամփը։
Սա պատմական գործընթաց է, քանի որ Դոնալդ Թրամփը ԱՄՆ առաջին նախկին նախագահն է, որին քրեական մեղադրանք է առաջադրվել։
Ակնկալվում է, որ գործընթացը կտևի առնվազն վեց շաբաթ:
Դոնալդ Թրամփին այս գործով մեղադրանք է առաջադրվել մեկ տարի առաջ։ Դոնալդ Թրամփին մեղադրում են 2016 թվականի ընտրություններից առաջ սեռական հարաբերությունների մասին նրա լռության դիմաց պոռնոաստղ Սթորմի Դենիելսին 130 000 դոլար վճարելու և այդ գումարը որպես իրավական վճարներ փոխանցելու համար։ Դատախազությունը կարծում է, որ այս կերպ կեղծվել են ֆինանսական փաստաթղթերը։