Գինու ազգային գործակալության աջակցությամբ և գործակալության կապալառու՝ «Colangelo&Partners» ամերիկյան մարքեթինգային ընկերության կազմակերպմամբ, Նյու Յորքում կայացած վրացական գինու լայնածավալ շնորհանդեսին մասնակցել են գինեգործության շուրջ 400 մասնագետներ, ԶԼՄ-ների և առևտրային ոլորտի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկություն է տարածում Գինու ազգային գործակալությունը։
Գերատեսչության հաղորդմամբ՝ միջոցառումը ներառում էր համտես և վարպետության դաս, որտեղ հյուրերը հնարավորություն ունեցան համտեսելու տարբեր վրացական գինի արտադրող ավելի քան 30 ընկերությունների գինիները, տեղեկություններ ստանալու վրացական գինու պատմության, մշակույթի և ժամանակակից զարգացած արդյունաբերության մասին:
«Այս ձեւաչափի միջոցառումները նպաստում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում վրացական գինու իրազեկվածության եւ վաճառքի բարձրացմանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները վրացական գինու ռազմավարական շուկա է, որտեղ 2013 թվականից հետո Գինու ազգային գործակալության աջակցությամբ իրականացված միջոցառումները նպաստեցին ԱՄՆ-ում վրացական գինու առաջխաղացմանը։ Ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Վրաստանից ԱՄՆ է արտահանվել մինչև 900 հազար լիտր գինի, ինչը 66%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը»,- ասվում է Գինու գործակալության տարածած տեղեկատվության մեջ։