«Նյու Յորք Թայմս». ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարն անցյալ շաբաթ Կիևում էր, Ուիլյամ Բարնսը վերջին երկու տարվա ընթացքում տաս անգամ այցելել է Ուկրաինա
«New York Times»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բարնսը նախորդ շաբաթ Կիեւում էր։ Այս այցի մասին տեղեկությունը պաշտոնապես չի հրապարակվել, սակայն այդ մասին գրում է «Նյու Յորք Թայմսը» ընդարձակ ռեպորտաժում, որտեղ խոսվում է նաեւ Ուկրաինայի եւ ԱՄՆ հատուկ ծառայությունների համագործակցության մասին։
The New York Times-ը գրում է, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը վերջին երկու տարում 10 անգամ եղել է Ուկրաինայում։
Հրապարակումը, հիմնվելով ավելի քան 200 անանուն աղբյուրների վրա, գրում է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները ներգրավված են եղել Ուկրաինայում հետախուզական բազաների գործողության մեջ, ինչպես նաև մասնակցել են ուկրաինական էլիտար հատուկ ջոկատայինների վերապատրաստմանը, որտեղ ծառայում էր Ուկրաինայի ռազմական հետախուզության գործող ղեկավար Կիրիլ Բուդանովը։
Հրատարակությունը նաեւ պնդում է, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը ուսուցանում էր ուկրաինացի գաղտնի գործակալների, որոնք, ի թիվս այլ բաների, աշխատում էին Ռուսաստանում։
Պարբերականը պնդում է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետախուզական ծառայությունների համագործակցությունը սկսվել է 2014 թվականին, երբ Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը փախել է Ռուսաստան։
Բացի այդ, ինչպես հաղորդում է «New York Times»-ը, 2016 թվականին Ղրիմում ուկրաինական հատուկ ջոկատայինների գրոհը դժգոհություն է առաջացրել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունում, ինչը հանգեցրել է Ուկրաինայի ռազմական հետախուզության այն ժամանակվա ղեկավար Վալերի Կոնդրատիուկի հրաժարականին։
Սակայն, ինչպես գրում է «New York Times»-ը, Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ընդլայնվել է Ուկրաինայի և ԱՄՆ հետախուզական ծառայությունների համագործակցությունը, Ուկրաինայում ստեղծվել են գաղտնի բազաներ և ընդլայնվել են ուսումնական ծրագրերը։ Համագործակցության հիմնական ուղղությունը Ռուսաստանի հետ կապված հետախուզական տեղեկատվության հավաքագրումն էր։ The New York Times-ը գրում է, որ ամերիկյան հետախուզական ծառայության օգնությամբ Ուկրաինան 12 օպերատիվ բազա է ստեղծել ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով։ Այդ բազաների աշխատանքը մասամբ ֆինանսավորվել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կողմից, թեեւ աշխատանքներն իրականացվել են ուկրաինացիների կողմից։
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Ուկրաինայի և ԱՄՆ հետախուզական ծառայությունների համագործակցությունը թեւակոխեց նոր փուլ։ ԱՄՆ վարչակազմը թույլ է տվել, որ ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ներգրավվեն Ռուսաստանի դեմ գործողությունների պլանավորման մեջ, թեև խոսքը միայն այն գործողությունների մասին է, որոնք նախատեսված էին Ուկրաինայի տարածքում։ Հրատարակության տվյալներով՝ ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչների փոքր խումբը գտնվել է Ուկրաինայում և տեղեկատվություն է տրամադրել իր գործընկերներին։ Հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ այս տեղեկատվության օգնությամբ կանխվել է Զելենսկու դեմ դավադրությունը։
Ըստ New York Times-ի՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցները խորհրդակցում էին ուկրաինացի գործընկերների հետ՝ ռուսական ռազմական օբյեկտների վրա հարձակումներ պլանավորելիս:
Կիևն ու Վաշինգտոնը պաշտոնական մեկնաբանություն չեն արել New York Times-ի հոդվածի վերաբերյալ։