Նոյեմբերի 10-ից կվերսկսվեն կանոնավոր չվերթները Քութաիսիի և Մեստիայի միջև
Նոյեմբերի 10-ից յուրաքանչյուր չորեքշաբթի կվերսկսվեն կանոնավոր չվերթները Քութաիսիի և Մեստիայի միջև։ Այս մասին տեղեկությունը տարածում է Օդանավակայանների միությունը։ Գերատեսչության տվյալներով, թռիչքները կիրականացվեն L 410 թեթեւ մարդատար ինքնաթիռներով։
Օդանավակայանների միության տվյալներով, Մեստիայի Թամար Մեփեի տեղական օդանավակայանից դեպի Քութաիսիի միջազգային օդանավակայան չվերթը կիրականացվի չորեքշաբթի օրերին՝ ժամը 12:00-ին, իսկ Դավիթ Աղմաշենեբելիի անվան օդանավակայանից դեպի Մեստիա հետադարձ չվերթը կիրականացվի ժամը 13:30-ին։
Վրաստանի օդանավակայանների միության տնօրեն Թամար Արչուաձեի խոսքով, պահանջարկից և ինքնաթիռների քանակից ելնելով թռիչքների թիվը կարող է աստիճանաբար աճել։
«Ինչպես գիտեք, Քութաիսիի վերանորոգված միջազգային օդանավակայանն աստիճանաբար բեռնվում է։ Մենք արդեն ունենք 23 եվրոպական և ասիական ուղղություններ։ Ըստ այդմ՝ որոշում է կայացվել վերականգնել պատմական Քութաիսի-Մեստիա երթուղին։ Սա և՛ տեղական զբոսաշրջության ոլորտի պահանջն էր, և՛ մեր ճանապարհորդների ցանկությունը։ Այս երթուղին հատկապես լավ բեռնված էր լեհ ճանապարհորդներով։ Ինչպես գիտեք, ներկայումս Քութաիսիի օդանավակայանում ուղիղ չվերթներ են իրականացվում Լեհաստանի հինգ ուղղություններով։ Հուսով ենք, որ այս թռիչքի ծանրաբեռնվածությունը մեծ կլինի։ Տոմսի արժեքը մնում է անփոփոխ՝ 50 լարի»,- ասել է Թամար Արչուաձեն։
Համավարակի սկզբում չեղարկվել են ուղիղ չվերթներ ներքին ուղղություններով և աստիճանաբար վերսկսվել։