Նորվեգիայի կառավարությունն արգելել է Ռուսաստանի քաղաքացիների զբոսաշրջային մուտքը երկիր
Նորվեգիայի կառավարությունն արգելել է Ռուսաստանի քաղաքացիների զբոսաշրջային մուտքը երկիր։
Այս մասին հայտարարություն է տարածել Նորվեգիայի կառավարությունը։
Նորվեգիան ՌԴ քաղաքացիների համար վիզաների տրամադրումը խստացրել է 2022 թվականի գարնանը, որից հետո տուրիստական վիզաների տրամադրումը գործնականում դադարեցվել է։ Այսուհետ ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր էլ ավելի կսահմանափակվի։
«Մուտքի կանոնների խստացման որոշումը համահունչ է Նորվեգիայի՝ դաշնակիցներին և գործընկերներին աջակցելու՝ Ուկրաինայում Ռուսաստանի անօրինական ագրեսիվ պատերազմին արձագանքելու մոտեցմանը», – ասել է Նորվեգիայի արդարադատության և հասարակական անվտանգության նախարար Էմիլի Էնգեր Մեհլին։
Նորվեգիայի կառավարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ կանոնների խստացումը վերաբերում է ինչպես Ռուսաստանի քաղաքացիներին, որոնց մուտքի արտոնագիր է տրվել մինչև կանոնների խստացումը, այնպես էլ նրանց, ում վիզաները տրամադրել են Շենգենյան այլ երկրներ։
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մայիսի 29-ից, թեև բացառություններ կլինեն, օրինակ, Նորվեգիայում բնակվող մերձավոր բարեկամների, ինչպես նաև Նորվեգիայում կամ Շենգենյան այլ երկրներում աշխատող կամ սովորող Ռուսաստանի քաղաքացիների այցելության համար։