Նորվեգիայի արտաքին գործերի նախարար. Գոյություն չունի հակասություն Ուկրաինային աջակցելու և, միևնույն ժամանակ, խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը նպաստելու միջև

23:02, 27.10.2026
Ուկրաինային աջակցելու և խաղաղ համաձայնության ձեռքբերմանն աջակցելու միջև հակասություն չկա, – այս մասին Հելսինկիում Ուկրաինայի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարների հետ անցկացրած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարտ Եիդեն։
Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն արձագանքել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտინის հետ անցկացրած հեռախոսազրույցին։
«Հարցեր են առաջացել, թե իբր կամ ռազմական առումով ես աջակցում Ուկրաինային, կամ խոսում խաղաղության մասին։ Իրականում ամեն ինչ հակառակն է։ Որոշակի փուլում, և Ուկրաինան այս կապակցությամբ շատ հստակ, բարձրաձայն և հետևողական դիրքորոշում է արտահայտում, բանակցություններն անպայման պետք է կայանան։ Հետևաբար, հակասություն չկա Ուկրաինային ռազմական և տնտեսական աջակցություն ցուցաբերելու և, միաժամանակ, խաղաղ համաձայնության ձեռքբերմանն աջակցելու միջև», – նշել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը։
Նրա գնահատմամբ՝ Պուտինի հետ հեռախոսազրույցը ժամանակին էր։
«Մենք խոսել ենք մեր անունից, սակայն Ուկրաինային աջակցելու համար։ Փոխանցել ենք այն, ինչ, մեր կարծիքով, պետք է ասվեր Պուտինին հենց հիմա։ Այս տեսանկյունից կարծում եմ, որ զրույցը ժամանակին էր», – նշել է Եիդեն։
Ի դեպ, այսօր Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտინის հետ։ Ստուբի հայտարարությամբ՝ զրույցը անկեղծ և բովանդակալից էր։

Նմանատիպ