Նինո Ծիլոսանիի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Կանադայի խորհրդարանի նախագահի հետ
Նինո Ծիլոսանիի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Կանադայի խորհրդարանի նախագահի հետ

Կանադա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ խորհրդարանի փոխնախագահ, Կանադայի խորհրդարանի հետ բարեկամության խմբի ղեկավար Նինո Ծիլոսանիի գլխավորությամբ, հանդիպել է Կանադայի խորհրդարանի խոսնակ Ֆրենսիս Սկարպալեջիայի հետ։

Վրաստանի խորհրդարանի հաղորդմամբ, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Վրաստանի և Կանադայի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունները և ընդգծել խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերը երկկողմ համագործակցության խորացման և կապերի ամրապնդման գործընթացում։ Նինո Ծիլոսանին շնորհակալություն է հայտնել կանադական կողմին Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ցուցաբերած ամուր աջակցության համար։

Խորհրդարանի հաղորդմամբ, զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի աշխարհաքաղաքական նշանակությանը, երկրի ռազմավարական դերին և արևմտյան ուղուն նրա հավատարմությանը։

«Կանադայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ մենք հնարավորություն ունեցանք քննարկելու Վրաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը, երկրի տնտեսական ներուժը և այն կարևոր դերը, որը Վրաստանը խաղում է ինչպես Եվրամիության, այնպես էլ արևմտյան աշխարհի համար։ Կանադան մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Վրաստանի նկատմամբ։ Հուսով ենք, որ այս հետաքրքրությունը կնպաստի երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացմանը», – ասել է Նինո Ծիլոսանին։

Հանդիպման ավարտին կողմերը հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ նպաստելու երկկողմ այցելություններին և խորհրդարանների միջև համագործակցության հետագա խորացմանը։

Վրաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում են՝ խորհրդարանի փոխնախագահ, Կանադայի խորհրդարանի հետ բարեկամության խմբի ղեկավար Նինո Ծիլոսանին, կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարիամ Լաշխին, սփյուռքի հանձնաժողովի նախագահ Իրակլի Զարքուան, փոխնախագահ Գոչա Էնուկիձեն, սպորտի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Սանիկիձեն, շրջակա միջավայրի պաշտպանության և բնական պաշարների հանձնաժողովի փոխնախագահ Գիորգի Խախուբիան։