Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի խորհրդարանի պատվիրակության ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։
Կողմերը քննարկել են Վրաստանի ներքին քաղաքական իրավիճակը, ընթացիկ գործընթացները, նախատեսվող տեղական ինքնակառավարման ընտրությունները, ԵՄ-ին ինտեգրումը և առկա մարտահրավերները։
Հանդիպման կարևոր թեմաներից էր Վրաստանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը։ Նիկոլոզ Սամխարաձեն ընդգծել է, որ Վրաստանը ԵԱՀԿ-ի ակտիվ անդամ է և կարևորել է կազմակերպության դերը անվտանգության և կայունության ապահովման գործընթացում։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, Ուկրաինայում ընթացող ռուսական ագրեսիան, Ադրբեջան-Հայաստան բանակցային գործընթացը և դրա նշանակությունը տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման համար։
Հանդիպմանը մասնակցել է նաև Ավստրիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, ԵԱՀԿ-ում և Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդրե Մաիսուրաձեն։
Տեղեկությունը տարածել է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։