Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի հետ
Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։
«Կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները և ռազմավարական գործընկերության հարցը։ Հատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների միջև գերազանց քաղաքական հարաբերություններին և խորհրդարանական մակարդակով համագործակցության անընդհատ աճող դինամիկային։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է միասնության կարևորությունը անվտանգության մարտահրավերներով լի միջազգային միջավայրում։
Զրույցի հիմնական թեմաներից մեկը խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությունն էր միջազգային կազմակերպություններում և վրաց-թուրքական-ադրբեջանական խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների եռակողմ ձևաչափի կարևորությունը։
Միլի մեջլիսի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Հարավային Կովկասի անվտանգության միջավայրը, հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի կարևորությունը և դրա ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների տնտեսական զարգացման վրա։
Խորհրդարանական արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Բաքվում, որտեղ տեղի կունենա Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան արտաքին հարաբերությունների հանձնաժողովների ամենամյա եռակողմ հանդիպումը։ Պատվիրակությունը գլխավորում է հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։ Պատվիրակության կազմում են՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջին տեղակալ Իրակլի Շատակիշվիլին, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ և տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Իրակլի Քադագիշվիլին և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դավիթ Դոլիձեն», – ասվում է խորհրդարանի հաղորդագրության մեջ։