Նիկոլա Սարկոզին դուրս է եկել իր տնից և ուղևորվել դեպի կալանավայր
Նիկոլա Սարկոզին դուրս է եկել իր տնից և ուղևորվել դեպի կալանավայր

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կնոջ՝ Կարլա Բրունիի հետ դուրս է եկել իրենց տնից և ուղևորվել դեպի կալանավայր։

Տան դիմաց հավաքվել էին ընտանիքի անդամներ, կուսակիցներ և կողմնակիցներ, որոնք ծափահարում էին Սարկոզիին։

Նիկոլա Սարկոզին իր պատիժը կկրի Փարիզի հարավում գտնվող Լա Սանտե բանտում։ Բանտի տնօրենի խոսքով՝ Սարկոզին մենակ կլինի իր խցում։

Ֆրանսիայի նախկին նախագահին թույլատրվելու է օրական երկու անգամ զբոսնել և այցելել հանգստի կենտրոն, բայց առանց այլ մարդկանց հետ շփվելու։

Ավելի վաղ Նիկոլա Սարկոզին հայտարարել էր, որ բանտում նախատեսում է գրքի վրա աշխատել։ Դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ Սարկոզին կմնա բանտում։ Սարկոզիի փաստաբանները պահանջում են նրա ազատ արձակումը։ Վերաքննիչ դատարանը երկու ամիս ժամանակ ունի գործը վերանայելու համար։

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին սեպտեմբերի 25-ին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման։ Սարկոզին մեղավոր է ճանաչվել Մուամար Քադաֆիից միլիոնավոր եվրոների անօրինական ֆինանսավորում ստանալու փորձի հետ կապված հանցավոր դավադրության մեջ։ Փարիզի դատարանը նաև արդարացրել է Սարկոզիին այլ մեղադրանքներից, այդ թվում՝ կոռուպցիայից և Ֆրանսիայում ընտրարշավի անօրինական ֆինանսավորումից։ Նախկին նախագահը դատավճիռը անարդար անվանեց։ Սարկոզին Ֆրանսիայի նախագահ է եղել 2007-ից 2012 թվականներին։