Նիկոլ Փաշինյանի և Իբրահիմ Ռաիսիի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի միջև։ Կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցեր, զրույցն անդրադարձել է 3+3 ձևաչափի հարթակին։
Հայաստանի կառավարության ղեկավարը և Իրանի նախագահը քննարկել են երկու երկրների, ինչպես նաև տարածաշրջանի երկրների միջև ճանապարհային և երկաթուղային երթուղիների զարգացման հարցերը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է ցանկացած գործողության և հարթակի, որը կբացի հաղորդակցության ուղիներն ու ենթակառուցվածքները Հարավային Կովկասի տարածաշրջանում, միևնույն ժամանակ հարգում է բոլոր երկրների ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և գնահատում է որպես խաղաղության ամրապնդմանն ուղղված արդյունավետ քայլ, ապահովելով իր հարևանների շահերը», – ասաց Ռաիսին:
Իրանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Իբրահիմ Ռաիսին Կովկասը գնահատել է որպես կարեւոր տարածաշրջան, որը խաղաղության կարիք ունի։ Նա նաև նշել է, որ այս Կովկասը չպետք է դառնա մրցակցության դաշտ արտաքին երկրների համար։
«Կովկասի նկատմամբ Իրանի արտաքին քաղաքականությունը ֆիքսված է, և պետք է ապահովել, որ կովկասյան տարածաշրջանը մրցակցության դաշտ չդառնա ոչ տարածաշրջանային երկրների համար, և որ նրա հարցերը լուծվեն այս տարածաշրջանի երկրների կողմից՝ առանց արտաքին միջամտության»,- ասել է Ռաիսին։
Իրանի նախագահը նաև գնահատել է Թեհրանում կայացած 3+3 հարթակի հանդիպումը և այն անվանել կառուցողական քայլ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման և տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։