Նիկոլ Փաշինյանը վաղաժամ է համարում խոսել երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեի մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղաժամ է համարում խոսել երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին։
«Եվրախորհրդարանի ամբիոնից ելույթ ունենալիս ես հայտարարեցի, որ Հայաստանը պատրաստ է լինել Եվրամիության հետ այնքանով, որքանով Եվրամիությունը հնարավոր է համարում։ Եթե ես մտածեի, որ Հայաստանի բնակչությունը չի կիսում այս կարծիքը, ես նման հայտարարություն չէի անի։ Ո՞րն է հիմա խնդիրը: Արդյո՞ք պետք է հանրաքվե անցկացնենք, որպեսզի պարզենք, թե ինչ են մտածում մարդիկ։ Կներեք, որպես պաշտոնյա, ով իրավասու է ներկայացնելու հայ ժողովրդի կարծիքը, ես գիտեմ հայ ժողովրդի կարծիքը»,- ասաց Փաշինյանը։
Հայաստանի վարչապետի խոսքով՝ եթե հանրաքվեն անցկացվի, ուրեմն պետք է քարոզարշավ անցկացնել.
«Այս դեպքում մարդիկ մեզ հարցեր կտան՝ ինչպե՞ս, ե՞րբ, ի՞նչ քայլերով։ Արդյո՞ք ԵՄ-ն դա ցանկանում է: Ինձ կասեն՝ դու ասացիր, որ Հայաստանը պատրաստ է հնարավորինս մոտենալ Եվրամիությանը։ ԵՄ-ն դա հնարավոր համարո՞ւմ է։ Հիմա հարց է՝ որքանո՞վ է ԵՄ-ն պատրաստ դրան։ Այս հարցին այսօր չեմ կարող պատասխանել»,- ասաց Փաշինյանը։