Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը խոսել են «Թրամփի երթուղու» մասին և քննարկել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ կողմերը մտքեր են փոխանակել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ կայացած Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարելիցի կապակցությամբ, որի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվեց, ինչպես նաև ընդունվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը:
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ կողմերը հատկապես ընդգծել են նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ կառավարության կարևոր դերը խաղաղության գործընթացի առաջմղման գործում:
«Կողմերը նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված առաջընթացը: Զրույցի ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը՝ որպես խաղաղության շահի շոշափելի դրսևորում: Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններին համապատասխան «Թրամփի երթուղու» իրականացման վերաբերյալ: Առաջնորդները ընդգծել են խաղաղության գործընթացի առաջմղման և տարածաշրջանում կայուն խաղաղության, կայունության, կապի ու տնտեսական համագործակցության ապահովմանն ուղղված ջանքերի շարունակման կարևորությունը», – նշված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի հայտարարության մեջ: