Նիկոլ Փաշինյան. Ես և իմ կառավարությունը հանձնառու ենք փակել տարածաշրջանում հակամարտության էջը, Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված կետերը և դա անել մինչև Բաքվում նախատեսված կլիմայական փոփոխությունների վերաբերյալ ՄԱԿ-ի համաժողովը։
Այս մասին, ըստ հայկական լրատվամիջոցների, Նիկոլ Փաշինյանն ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմակերպած քննարկմանը ելույթի ժամանակ։
«Խաղաղությունը պահանջում է առաջնորդություն և անկեղծ քաղաքական քաջություն: Ես և իմ գլխավորած կառավարությունը հանձնառու ենք մեր տարածաշրջանում հակամարտության էջը փակելուն և ներկա դինամիկան փոխակերպելու համագործակցության՝ հանուն բարգավաճման, կայունության և խաղաղության։ Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ: Հայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք կլիմայական փոփոխությունների վերաբերյալ ՄԱԿ-ի համաժողովից առաջ, այդպիսով ստեղծելով խթանող միջավայր խաղաղ գործընթացն առաջ մղելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով, Հայաստանը նույնպես պատրաստ է շարունակել աշխատանքը սահմանների սահմանազատման ուղղությամբ։
«Չափազանց կարևոր է Միավորված ազգերի կազմակերպության ուժեղ և միանշանակ աջակցությունը Հայաստանի ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելուն», – ասաց Փաշինյանը։