Նիկոլ Փաշինյան. Երբ քննարկվում է Բրյուսելում հանդիպման հարցը, Ադրբեջանը փորձում է այլ հարթակ առաջարկել, գուցե Ադրբեջանը ցանկանում է չեզոքացնել համաձայնեցված սկզբունքները
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատել է Վրաստանը որպես բանակցությունների հարթակ օգտագործելու Ադրբեջանի նախագահի առաջարկը։
Փաշինյանը նշեց, որ հիմա, երբ քննարկվում է Բրյուսելի հանդիպման հարցը, որտեղ, ըստ էության, կան որոշակի շրջանակներ, Ադրբեջանը փորձում է այլ հարթակ առաջարկել, որը կարելի է մեկնաբանել, թե Ադրբեջանը կարող է ցանկանալ չեզոքացնել համաձայնեցված սկզբունքները։
«Գրանադայում տեղի ունեցավ հանդիպում, և Եվրամիության հարթակում արձանագրվեցին սկզբունքները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման՝ մեր և Եվրամիության տեսանկյունից: Հիմա հասկանալի է, որ Բրյուսելում, երբ մենք հանդիպենք, խոսակցությունը պետք է տեղի ունենա այս սկզբունքների շրջանակում, որը, ես չեմ ասի, որ համապատասխանում է միայն Հայաստանի շահերին: Հայաստանի ընդունել է դա և, իմիջիայլոց, Ադրբեջանն էլ է ընդունել: Եվ հիմա, երբ քննարկում ենք Բրյուսելում հանդիպելու հարցը, Ադրբեջանը փորձ է անում այլ հարթակ առաջարկել, դա կարող է մեզ մոտ մեկնաբանվել, որ Ադրբեջանն այլ հարթակ տեղափոխելով՝ ուզում է արդեն իսկ պայմանավորված սկզբունքները չեզոքացնել»,-նշեց Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ ավելանում են մտավախությունները, որ Ադրբեջանն իրականում ծրագրում է նոր էսկալացիա։
«Մենք դեմ չենք խոսակցությանը, բայց դեմ ենք այն տրամաբանությանը, որը մեզ դուրս կբերեր համաձայնեցված սկզբունքների շրջանակից»,- ասաց Փաշինյանը։