Նիկոլ Փաշինյան. Վրաստան-Հայաստան բարեկամությունը, ժողովրդավարության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքները ամուր հիմք են ստեղծում՝ հիմնված երկու երկրների գործընկերության վրա
Նիկոլ Փաշինյան. Վրաստան-Հայաստան բարեկամությունը, ժողովրդավարության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքները ամուր հիմք են ստեղծում՝ հիմնված երկու երկրների գործընկերության վրա

Մեր դարավոր բարեկամությունը, ինչպես նաև ժողովրդավարության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքները ստեղծում են ամուր հիմք, որի վրա հիմնված է մեր երկու երկրների միջև գործընկերությունը, – վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի հետ անցկացված ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, միշտ մեծ պատիվ է հանդիպել Վրաստանի կառավարության ղեկավարի հետ և քննարկել երկու երկրների համագործակցության օրակարգը բարեկամական մթնոլորտում:

«Ուրախ եմ, ողջունել Ձեզ և հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում: Ինձ համար մշտապես մեծ պատիվ և հաճույք է հանդիպել Վրաստանի կառավարության ղեկավարի հետ և բարեկամական մթնոլորտում քննարկել մեր երկու երկրների միջև համագործակցության օրակարգը: Երկու ժողովուրդները միահյուսված են բազմաթիվ թելերով: Դարավոր բարեկամությունը, ինչպես նաև ժողովրդավարության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքները կազմում են այն ամուր հենքը, որի վրա խարսխված է երկու պետությունների գործընկերությունը: Վրաստանում բնակվող հայ համայնքը, որը բազմադարյա պատմություն ունի, հանդիսանում է այն կամուրջը, որը էլ ավելի ամուր է կապում է մեր երկու երկրներին: Մենք ունենք դինամիկ զարգացող համագործակցության լայն օրակարգ: Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ: Անդրադարձ է կատարվել տրանսպորտի, էներգետիկայի և տնտեսության այլ կարևոր ոլորտներում համագործակցության ընթացիկ վիճակին և զարգացման հեռանկարներին: Որոշեցինք մեր հարաբերություններում այսուհետ էլ ավելի մեծ շեշտադրում կատարել առևտրի և տնտեսական կապերի զարգացման վրա: Մեր կողմից մասնավորապես նշվեց տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների առավել արդյունավետ օգտագործման և տարանցման ներուժի զարգացման կարևորությունը: Ընդգծվեց երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ներուժն ու դրա օգտագործման անհրաժեշտությունը: Ինչպես միշտ, քննարկվեցին նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության հարցերը: Մտքեր փոխանակեցինք մեր երկրներում համավարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին: Կասկած չունենք, որ հայ-վրացական գործընկերությունը տարածաշրջանում կայունության ամենակարևոր երաշխիքներից մեկն է: Խոսելով տարածաշրջանային խնդիրների շուրջ, ես իմ խորին համոզմունքն եմ հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերջապես պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և նրանց առաջարկած սկզբունքների հիման վրա: Ես նաև համոզմունք հայտնեցի, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները և որ կարևոր է հավասարակշռված, կառուցողական դիրքորոշումը միմյանց համար զգայուն հարցերի վերաբերյալ: