Նիկոլ Փաշինյան. Մենք ակնկալում և պահանջում ենք, որ Եվրամիության և Վրաստանի միջև զարգանա կառուցողական գործընթաց, Վրաստանը մեզ համար դեպի Եվրամիություն տանող ճանապարհն է
Անկեղծորեն պետք է ասեմ, որ Հայաստանի Եվրաինտեգրման ճանապարհին ամենամեծ խնդիրը Եվրամիության և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է։ Վրաստանը մեր ուղին է դեպի Եվրամիություն։ Մենք ընդունեցինք Հայաստանի Եվրամիությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը այն բանից հետո, երբ Վրաստանին շնորհվեց թեկնածուի կարգավիճակ։ Սա շոշափելի դարձրեց Հայաստանի Եվրամիությանը անդամակցության հեռանկարը,- այս մասին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Եվրախորհրդարանում իր ելույթում։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պահանջում և ակնկալում է, որ ԵՄ-ի և Վրաստանի միջև կզարգանա կառուցողական գործընթաց։
«Շատերը Հայաստանում հարցնում են՝ ե՞րբ է Հայաստանը դառնալու Եվրամիության անդամ։ Մեր պատասխանը շատ հստակ է։ Ոչ մի երկիր չի կարող դառնալ Եվրամիության անդամ՝ առանց ԵՄ չափանիշներին համապատասխանելու։ Հետևաբար, մեր խնդիրն է շարունակել բարեփոխումների ուղին՝ մեր եվրոպացի գործընկերների աջակցությամբ, և, ամենակարևորը, օբյեկտիվորեն բավարարել ԵՄ անդամակցության չափանիշները։ Երբ դա տեղի ունենա, կա երկու ճանապարհ. կամ ԵՄ-ն կընդունի մեզ որպես լիիրավ անդամ, կամ՝ ոչ։ Ես սա ասում եմ, որովհետև հասկանում եմ, որ ԵՄ ընդլայնումը, նոր անդամի ընդունումը պարզ հարց չէ, դա նաև քաղաքական որոշումների հարց է։ Եթե ԵՄ-ն ընդունի Հայաստանին որպես լիիրավ անդամ, դա հիանալի կլինի։ Եթե դա տեղի չունենա, մենք միևնույն է կշահենք, քանի որ մենք կլինենք ԵՄ չափանիշներին լիովին համապատասխանող երկիր։ Այնուամենայնիվ, պետք է անկեղծորեն ասեմ, որ Հայաստանի ԵՄ ինտեգրման ճանապարհին ամենամեծ խնդիրը ներկայումս ԵՄ-ի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է։ Վրաստանը մեզ համար ԵՄ ուղին է։ Մենք Հայաստանի «ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունեցինք այն բանից հետո, երբ Վրաստանին շնորհվեց թեկնածուի կարգավիճակ։ Սա Հայաստանի ԵՄ անդամակցության հեռանկարը դարձրեց իրական։ «Մենք ակնկալում և պահանջում ենք, որ ԵՄ-ի և Վրաստանի միջև զարգանա կառուցողական գործընթաց։ Սա կարևոր է Հայաստանի համար, ինչպես կարևոր է Վրաստանի համար», – նշել է Նիկոլ Փաշինյանը։