Նիկոլ Փաշինյան - Հայաստանն ու Վրաստանն այսօր մեծ առաջընթաց են գրանցել, մենք ստորագրել ենք ռազմավարական հարաբերությունների հռչակագիրը, որը համատեղ ջանքերի արդյունք է
Նիկոլ Փաշինյան - Հայաստանն ու Վրաստանն այսօր մեծ առաջընթաց են գրանցել, մենք ստորագրել ենք ռազմավարական հարաբերությունների հռչակագիրը, որը համատեղ ջանքերի արդյունք է

Հայաստանն ու Վրաստանն այսօր մեծ առաջընթաց են գրանցել, մենք ստորագրել ենք համատեղ հռչակագիր Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ, սա մեր համատեղ ջանքերի արդյունքն է։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր Հայաստանի  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինչպես ասաց Նիկոլ Փաշինյանը, այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության 13-րդ միջկառավարական նիստը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիին, մեր վրացի գործընկերներին այս նիստը Թբիլիսիում ընդունելու և այն բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Ցանկանում եմ անկեղծորեն շնորհավորել Վրաստանի կառավարությանն ու ժողովրդին Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ։ Սա պատմական իրադարձություն է Վրաստանի և ողջ տարածաշրջանի համար։ Ուրախությամբ ուզում եմ ընդգծել, որ միջկառավարական հանձնաժողովի ձևաչափի թարմացումից հետո՝ 2019 թվականին, նիստերը միշտ անցկացվում են և նպաստում են հանձնաժողովի աշխատանքին։ Այսօր մենք քննարկել ենք հարցերի լայն շրջանակ՝ սկսած տնտեսությունից, վերջացրած մշակույթով, առևտրով, մարդկային հարաբերություններով»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, հանդիպմանը խոսվել է հարավկովկասյան ենթակառուցվածքների բացման մասին։

«Այս համատեքստում պետք է նշեմ, որ երկու երկրների մաքսային հարաբերությունների ուղղությամբ ակտիվորեն քննարկվում է սահմանային կետերում համատեղ հսկողության մոդելների ներդրումը, և այս դեպքում կկրճատվի մաքսային գործընթացների համար անհրաժեշտ ժամանակը։

Ես մեր գործընկերներին ներկայացրի նաև Հայաստանի Հանրապետության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի մասին խոսել և ներկայացրել եմ անցյալ տարվա հոկտեմբերին Ղարիբաշվիլիի հրավերով Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհի» ֆորումին մասնակցելու ժամանակ։ Մեր այս նախագիծն ուղղված է տարածաշրջանում հարաբերությունների աճին, և այս գործընթացում կարևոր է պետությունների ինքնիշխանության պաշտպանության հարցը։ Մեր տարածաշրջանը կարող է դառնալ շատ կարևոր տարածաշրջանային ճանապարհ Հարավի և Հյուսիսի, Արևմուտքի և Արևելքի միջև, և այս ամենում ներառականությունը մեծ նշանակություն ունի։ Բոլոր պետություններին հնարավորություն կտրվի մասնակցել տնտեսական նախագծերին, դրա լավ օրինակն է Սևծովյան մալուխի նախագիծը, որով Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի։

Հայաստանն ու Վրաստանն այսօր մեծ առաջընթաց են գրանցել։ Վարչապետի հետ ստորագրեցինք Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ համատեղ հռչակագիրը, սա մեր համատեղ ջանքերի արդյունքն է և արտահայտում է մեր նպատակասլացությունը։ Այս ձեռքբերումը եւս մեկ անգամ ընդգծում է, որ մենք պետք է ավելացնենք մեր ջանքերը և չբավարարվենք ձեռք բերածով, ինչի մասին խոսեցինք նաև նիստի ժամանակ»,- ասաց Փաշինյանը։