Նիկոլ Փաշինյան. Գուցե Բաքուն փորձում է «լեգիտիմացնել» էսկալացիան տարածաշրջանում, մենք կօգտագործենք երկխոսության լեզուն, կշարունակենք կենտրոնանալ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման վրա
Միգուցե Բաքուն փորձում է «լեգիտիմացնել» էսկալացիան տարածաշրջանում,- այսպես է արձագանքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։
Հայաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ «Բաքուն փորձում է ստիպել Հայաստանին ագրեսիվ արձագանքել իր ագրեսիվ հայտարարություններին՝ տարածաշրջանում նոր էսկալացիայի հիմնավորում ստեղծելու համար»։
Փաշինյանի խոսքով՝ Երևանը հետևում է խաղաղ ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու է իրականացնել խաղաղության օրակարգը։
«Սա նշանակում է, որ մենք օգտագործելու ենք ոչ թե ագրեսիայի, այլ երկխոսության լեզուն։ Շարունակելու ենք կենտրոնանալ սահմանազատման, խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնագրի, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման, հումանիտար հարցերի, այդ թվում՝ անհայտ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրների վրա», – ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ալիեւի այն հայտարարության առնչությամբ, թե Հայաստանին զինելը տարածաշրջանում նոր լարվածություն կառաջացնի, Փաշինյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունն իրավունք ունի ունենալ ինքնապաշտպանական բանակ։
«Սպառազինության հետ կապված՝ մենք նաև մտահոգություններ ունենք Ադրբեջանի սպառազինության վերաբերյալ և լսել ենք նաև նրանց մտահոգությունները։ Հենց այս պատճառով է, որ մենք առաջարկ ենք ներկայացրել Ադրբեջանին՝ ստեղծելու սպառազինությունների վերահսկման փոխադարձ մեխանիզմ, և սպասում ենք նրանց արձագանքին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։