Նիկոլ Փաշինյան. «Բացառում եմ 2013 թվականի սցենարի կրկնությունը, երբ Հայաստանը դադարեցրեց մերձեցումը Եվրամիության հետ, միաժամանակ՝ մենք չենք ձգտում Ռուսաստանի հետ ճգնաժամ ստեղծել»

18:28, 02.07.2026

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառել է 2013 թվականի սցենարի կրկնության հնարավորությունը, երբ Հայաստանը, Ռուսաստանի ճնշման ֆոնին, անսպասելիորեն դադարեցրեց Եվրամիության հետ մերձեցումը։

«Թույլ տվեք պատասխանել այն հարցին, թե արդյոք բացառո՞ւմ եմ 2013 թվականի իրավիճակի կրկնությունը, երբ Հայաստանը մեկ կամ երկու գիշերվա ընթացքում հրաժարվեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացից և դրա փոխարեն որոշեց շարժվել դեպի Եվրասիական տնտեսական միություն կամ Մաքսային միություն։ Իմ պատասխանը կարճ է և հստակ. այո՛, ես դա բացառում եմ։

Դա անհնար է, հատկապես հիմա, երբ Հայաստանի բնակչությունը հստակորեն արտահայտել է իր աջակցությունը երկրի կողմից վարվող քաղաքականությանը, հատկապես նրա հավասարակշռված և հավասարակշռող արտաքին քաղաքականությանը։ Միևնույն ժամանակ, ինչպես բազմիցս հայտարարել ենք, մենք երբեք չենք փորձել, չենք փորձում և չենք փորձի ճգնաժամ ստեղծել Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում։ Մենք գործում ենք մեր երկրի շահերին համապատասխան։ Բնականաբար, մենք չենք անտեսում միջազգային գործընկերներից որևէ մեկի շահերը, սակայն որևէ այլ գործընկերոջ շահերը չենք կարող վեր դասել Հայաստանի շահերից։ Կարծում եմ՝ սա տրամաբանական մոտեցում է ցանկացած երկրի համար»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Դրա հետ մեկտեղ, Փաշինյանը մեկնաբանել է հուլիսի 1-ին Ռուսաստանի վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցը։

«Քննարկման ծավալներն արտացոլվել են պաշտոնական հայտարարության մեջ։ Մենք պայմանավորվել ենք, որ մոտ ապագայում ավելի մանրամասն քննարկումներ կանցկացնենք»,- նշել է Փաշինյանը։

Նմանատիպ