Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանը դեռ փորձում է ռազմական պարտադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ
«Ադրբեջանը դեռ փորձում է ռազմական պարտադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ», -ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ փետրվարի 13-ին սահմանագոտում տեղի ունեցած ողբերգական դեպքը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորումն է։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի օրենսդրության վերաբերյալ Բաքվից արված հայտարարությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության խախտում են և միջամտություն երկրի ներքին գործերին։
«Փորձը մեկնաբանելու, որ Հայաստանի օրենսդրության մեջ կա դրույթ, որը խոչընդոտում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, իրականության հետ կապ չունի։ Ինչպես արդեն ասացի, խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել մի շարք հոդվածների շուրջ, և դրանցից մեկն այն է, որ կողմերը չեն կարող հղում կատարել սեփական օրենսդրությանը: Ըստ այդմ, Հայաստանի օրենսդրության մեջ չկա որևէ դրույթ, որը խոչընդոտում է խաղաղության պայմանագրի իրականացմանը։ Սա ոչ միայն քաղաքական, այլ փորձագիտական գնահատական է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։