Թբիլիսիի քաղաքային դատարանը «Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիային խափանման միջոց է սահմանել կալանքը: Գործով որոշումը հայտարարել է դատավոր Նինո Չախնաշվիլին՝ րոպեներ առաջ:
«Դատարանը որոշել է, դատախազ Իրակլի Շոթաձեի միջնորդությունը մեղադրյալի նկատմամբ սահմանված խափանման միջոց գրավը կալանքով փոխելու մասին բավարարվի: Մեղադրյալ Նիկանոր Մելիայի նկատմամբ խափանման միջոց գրավը փոխվի առավել խիստ՝ խափանման միջոցով, կալանքով: Որոշման կատարումն ապահովի ներքին գործերի նախարարությունը: Վճիռը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարանում»,- հայտարարել է դատավոր Նինո Չախնաշվիլին:
Դատավարությանը ներկա չէր մեղադրյալ Նիկա Մելիան:
Դատախազությունը մեղադրյալ Նիկանոր Մելիայի նկատմամբ կիրառված խափանման միջոցը պահանջում էր փոխել առավել խիստ միջոցառմամբ՝ կալանքով: Իսկ փաստաբանները պահանջում էին, որ դատավորը Նիկա Մելիային թողներ առանց խափանման միջոցի:
Դատախազությունը դատավորին Նիկա Մելիայի խափանման միջոցը փոխելու պահանջով դիմել էր այն բանից հետո, երբ խորհրդարանն աջակցեց «Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիային պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն:
«Խմբային բռնության ղեկավարման և դրան մասնակցության համար» քրեական պատասխանատվության ենթարկված Նիկա Մելիային քաղաքային դատարանը 2019 թվականի հունիսի 27-ին խափանման միջոց էր սահմանել 30 000 լարի գրավ և էլեկտրոնային մոնիտորինգ:
Սակայն 2020 թվականին Նիկա Մելիան հանել էր էլեկտրոնային մոնիտորինգի ապարանջանը:
Դրանից հետո դատարանը նրա գրավի չափի բարձրացրել էր մինչև 40 000 լարի:
Նիկա Մելիան չի կատարել գրավի վճարման պայմանները: