Նիգերիայում նավաբեկության հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել
Նիգերիայում նավի խորտակման հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել, նրանց մեծ մասը երեխաներ էին: Ականատեսների խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Նիգերիայի հյուսիս-արևմուտքում՝ Սոկոտո նահանգի Գորոնյոյի տեղական ինքնակառավարման շրջանում: Նավի խորտակումը հետևանք է եղել դրանում թույլատրելիից ավելի մարդկանց գտնվելու:
«Ռոյթերս»-ի (Reuters) տեղեկացմամբ՝ փրկարարական խմբերը գտել են 50 զոհվածի մարմին: Նրանցից շուրջ 40-ը անչափահասներ են:
Տեղի բնակիչներից մեկը հրատարակությանը հայտնել է, որ նավում հիմնականում եղել են ֆերմերներ և բրնձի բերքահավաքի համար վարձված աշխատողներ: Դեպքի պահին նավում գտնվել է ավելի քան 70 մարդ: «Ռոյթերս»-ը գրում է, որ նավերում թույլատրելիից ավելի մարդկանց գտնվելը և անվտանգության նորմերի անտեսումը Նիգերիայում նավերի խորտակման հաճախակի պատճառ են դառնում: