ՆԳՆ. Օդանավակայանի մոտ ցույցի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ ենք անում պահպանել օրինակարգը և ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին բողոքի ակցիայի ժամանակ
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, որպես օրինակարգի և անվտանգության համար պատասխանատու գերատեսչություն, ապահովում է ինչպես հասարակական անվտանգության, այնպես էլ յուրաքանչյուր անձի արտահայտվելու ազատությունը հավաքների և ցույցերի ժամանակ, եթե դա չի գերազանցում օրենքով թույլատրված շրջանակը,- այս մասին հաղորդագրություն է տարածում Վրաստանի ՆԳՆ-ն։
«Շոթա Ռուսթավելիի անվան Թբիլիսիի միջազգային օդանավակայանի մերձակայքում իրավապահներ են տեղակայվել՝ օրինակարգն ու անվտանգությունը պաշտպանելու նպատակով։ Նաև անվտանգության միջոցառումներից ելնելով օդանավակայանի ժամանման սրահում կթույլատրվեն միայն այն քաղաքացիները, ովքեր ուղղակիորեն պետք է օգտվեն օդանավակայանի ծառայություններից:
Ոստիկանությունը պաշտպանում է խաղաղ հավաքների և ցույցերի սահմանադրությամբ երաշխավորված իրավունքը:
«Հավաքների և ցույցերի մասին» Վրաստանի օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի համաձայն՝ արգելվում է հավաք կամ ցույց անցկացնել օդանավակայանի շենքերում և նրանց մուտքերից քսան մետր շառավղով գտնվող տարածքներում։
Ներքին գործերի նախարարությունը հանրահավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ է անում բողոքի ցույցեր իրականացնել թույլատրված տարածքում, պահպանել կարգուկանոնը և ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին։
Ակցիայի ընթացքում օրենքի ցանկացած խախտում անմիջապես կկանխվի»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։