ՆԳՆ-ն պաշտոնական տեղեկատվություն է տարածել ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի ընթացքի մասին
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը պաշտոնական տեղեկատվություն է տարածել մունիցիպալ ընտրությունների երկրորդ փուլի ընթացքի մասին։
Ինչպես այսօր ճեպազրույցում ասաց ՆԳՆ ռազմավարական հաղորդակցության վարչության տնօրեն Քեթևան Կովզիաշվիլին, գերատեսչությունը կապահովի անվտանգությունն ու օրինականությունն ամբողջ երկրում, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իր ընտրությունը կատարել ազատ և անվտանգ միջավայրում։
«Ցանկանում ենք հանրությանը տեղեկացնել ներքին գործերի նախարարության կողմից ծրագրված և իրականացվող միջոցառումների մասին՝ ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլն անվտանգ և խաղաղ պայմաններում անցկացնելու համար։ Ներքին գործերի նախարարությունն ապահովում է անվտանգությունն ու կարգուկանոնը ողջ երկրի մասշտաբով, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի ազատ և անվտանգ միջավայրում կարողանա կատարել իր ընտրությունը։
Ինչպես արդեն հանրությանը հայտնի է, անվտանգ ընտրական միջավայր ապահովելու համար ստեղծվել են համապատասխան շարժական ոստիկանական խմբեր։ Այսօր, ինչպես ընտրությունների առաջին փուլում, Վրաստանի տարածքում մոբիլիզացված են շարժական ոստիկանական խմբեր՝ հասարակական կարգը պաշտպանելու համար։
Ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում ոստիկանության կողմից արձանագրված միջադեպերի և նշված միջադեպերին ՆԳՆ արձագանքի մասին մանրամասն կտեղեկացնենք.
Զուգդիդի քաղաքում թիվ 20 ընտրատեղամասի շրջակայքում ֆիզիկական բռնության փաստով Զուգդիդիի շրջանային բաժնի կողմից հետաքննություն է սկսվել 126-րդ հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է բռնություն
Զուգդիդիում՝ արդեն անվանված ընտրատեղամասի մոտ, ոստիկանությունը բերման է ենթարկել 5 հոգու։ Զուգդիդիի շրջանային բաժինը վարում է վարչական իրավախախտման գործ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով։
Սենակի թիվ 14 ընտրատեղամասից «Մթավարի» հեռուստաընկերության լրագրողի հաղորդման հիման վրա հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով.
Բացի այդ, այս փուլում ՆԳՆ-ն ստացված հաղորդագրությունների և լրատվամիջոցների տեղեկությունների հիման վրա արձագանքել է ընտրատեղամասից 100 մետր հեռավորության վրա մարդկանց կուտակման կամ ընտրողների գրանցման, ինչպես նաև 25 մետր հեռավորության վրա քարոզչական նյութերի տեղադրման փաստերին:
Դիմում ենք ընտրական գործընթացում ներգրավված բոլոր անձանց կամ կազմակերպություններին, անկախ նրանց քաղաքական հայացքներից, ենթադրյալ խախտում հայտնաբերելու դեպքում ահազանգել խախտման մասին և անհապաղ տեղեկացնել ոստիկանություն։ Կոչ ենք անում նաև քաղաքացիներին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին զերծ մնալ ցանկացած առերեսումից և իրավիճակի արհեստական սրումից, ենթարկվել օրենքին, ոստիկանության օրինական պահանջներին և նպաստել ընտրությունների խաղաղ անցկացմանը։
Ներքին գործերի նախարարությունն ակտիվորեն համագործակցում է միջազգային դիտորդական առաքելությունների և տեղական հասարակական կազմակերպությունների հետ։ Ընտրությունների երկրորդ փուլի օրը ՆԳՆ-ն դիտորդական կազմակերպություններին, ինչպես նաև հանրությանը և բոլոր շահագրգիռ կողմերին պարբերաբար կտեղեկացնի ընտրությունների ընթացքում օրենքի հնարավոր խախտումների, համապատասխան արձագանքման և ոստիկանության իրավասության ներքո գտնվող այլ հարցերի մասին։
Ոստիկանությունը թույլ չի տա, որ ընտրական գործընթացը զարգանա բռնի սցենարով և խստորեն կարձագանքի օրենքի ցանկացած խախտման»,- ասել է Քեթևան Կովզիաշվիլին։