ՆԳՆ-ն պաշտոնական տեղեկատվություն է տարածել Բաթումիում «Bank of Georgia»-ի մասնաճյուղի վրա ավազակային հարձակման մասին
ՆԳՆ-ն պաշտոնական տեղեկատվություն է տարածել Բաթումիում «Bank of Georgia»-ի մասնաճյուղի վրա ավազակային հարձակման մասին

Վրաստանի ՆԳՆ Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները Բաթումիում Վրաստանի բանկի մասնաճյուղի վրա ավազակային հարձակման համար բերման են ենթարկել 1989 թվականին ծնված Բ.Մ.-ին։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի ՆԳՆ-ն։

Գերատեսչության տվյալներով, հանցագործությունը պատժվում է մինչև յոթ տարվա ազատազրկմամբ։

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Վրաստանի բանկի մասնաճյուղում զենք ցուցադրելով գանձապահից գումար է պահանջել, հրաժարվելուց հետո նույն զենքից կրակել է ու դեպքի վայրից դիմել փախուստի։ Կրակոցների հետևանքով ոչ ոք չի տուժել։

Իրավապահները ձերբակալել են մեղադրյալին։ Ոստիկանները որպես ապացույց առգրավել են հանցագործության զենքը։

Կողոպուտի փաստը հետաքննվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 179-րդ և 236-րդ հոդվածներով»,- ասված է հաղորդագրությունում։

Այսօր ժամը 12:00-ի սահմաններում զինված անձը ներխուժել է Բաթումիի «Վրաստանի բանկի» մասնաճյուղ։