ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Թբիլիսիի «Ամբասադոր» հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի փաստով
Թբիլիսիի «Ամբասադոր» հյուրանոցի տարածքում տեղի ունեցած հրդեհի փաստով հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի ՆԳՆ-ն։
Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ «Ամբասադոր» հյուրանոցում բռնկված հրդեհն այս պահի դրությամբ մարվել է։ Տեղում աշխատել են ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության 16 հրշեջ-փրկարարական ջոկատներ։ Հրդեհի մասին ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները և սկսել կրակը մարել։
«Այս պահին հրդեհն ամբողջությամբ մարվել է։ Տեղում մոբիլիզացվել է 16 մարտական հաշվարկ, հրշեջների արագ և օպերատիվ գործողությունները թույլ են տվել ժամանակին տեղայնացնել հրդեհը, այնուհետև մարել այն։ Հրդեհի կողքին գտնվող շենքեր տեղափոխվելու վտանգ կար, ինչը կանխվել է հրշեջների և փրկարարների կողմից»,- ասել է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մղեբրիշվիլին։