ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Մառնեուլիի թիվ 52 ընտրատեղամասում տեղի ունեցած բախման փաստով
Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Մառնեուլի թիվ 52 ընտրատեղամասում տեղի ունեցած բախման փաստով: Այս մասին տեղեկատվություն է տարածում ՆԳՆ-ն:
Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քվեմո Քարթլիի վարչությունը հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով՝ Մառնեուլի թիվ 52 ընտրատեղամասում տեղի ունեցած բախման փաստով:
Քննությամբ պարզվել է, որ 1989 թվականին ծնված Գ.Ռ.-ի և 1987 թվականին ծնվան Է.Մ.-ի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ֆիզիկական բախման, երբ ոչ սթափ վիճակում գտնվող Գ.Ռ.-ն Է.Մ.-ին դանակահարել է որովայնի շրջանում:
Ինքը՝ Գ.Ռ.-ն, ֆիզիկական բախման ժամանակ վնասվածքներ է ստացել: Այս փուլում ոստիկանության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույնականացվել են բախմանը ներգրավված բոլոր անձինք, իրականացվել է վկաների հարցաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր ընթացակարգային և քննչական միջոցառումները, որից հետո նշված արարքը կատարած անձը ձերբակալվելու է որպես մեղադրյալ: Առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու փաստով հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով», – հայտնել են ՆԳՆ-ում: