ՆԳՆ. Էլենե Խոշտարիայի հետ կապված ընթացակարգերն իրականացվել են օրենքով սահմանված կարգով, զննությամբ հայտնաբերվել է ենթադրյալ ապօրինի նյութ, որի վերաբերյալ նշանակվել է փորձաքննություն
ՆԳՆ-ն արձագանքել է «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդներից Էլենե Խոստարիայի՝ ՆԳՆ աշխատակիցների հասցեին հնչեցրած մեղադրանքներին:
ՆԳՆ-ից պարզաբանում են, որ Էլենե Խոշտարիան ձերբակալվել է մարտի 28-ին, խորհրդարանի հարևանությամբ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու և մանր խուլիգանության համար՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով։
«Ձերբակալությունից հետո նրա նկատմամբ իրականացվել են համապատասխան իրավական գործողություններ։ Սկզբում նա տեղափոխվել է ոստիկանության վարչական շենք, ապա՝ ժամանակավոր պահման մեկուսարան։ Մեկուսարան տեղափոխվելուց առաջ ձերբակալված անձի նկատմամբ սկսվել է օրենքով նախատեսված ընթացակարգերի իրականացումը, որոնք կարգավորվում են Վրաստանի ներքին գործերի նախարարի 2016 թվականի օգոստոսի 2-ի №423 հրամանով։
Ընթացակարգերի անցկացման ընթացքում Էլենե Խոշտարիան խախտել է մեկուսարանի ներքին կանոնակարգը։ Մասնավորապես, նա հրաժարվել է անցնել օրենքով նախատեսված ամբողջական ընթացակարգերը և դրսևորել է ագրեսիվ վարքագիծ։ Չնայած մեկուսարանի աշխատակիցների բազմակի հորդորների և իրավական բացատրությունների՝ նա շարունակում էր հրաժարվել ստուգումից։
Անվտանգության չափանիշներից ելնելով՝ նրա նկատմամբ, օրենքի լիարժեք պահպանմամբ, իրականացվել են ժամանակավոր պահման մեկուսարան տեղափոխվելու համար անհրաժեշտ ընթացակարգերը։
Միևնույն ժամանակ պարզաբանում ենք, որ ստուգման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է, ենթադրաբար, ապօրինի նյութ, որի վերաբերյալ նշանակվել է համապատասխան փորձաքննություն։
Մեկուսարանում տեղակայման ընթացակարգերը արձանագրված են տեսահսկման տեսախցիկներով։ Հետաքրքրված կողմերը՝ օրենքով սահմանված կարգով և ձերբակալված անձի համաձայնությամբ, իրավասու մարմիններն ու իրավապաշտպանները կարող են ծանոթանալ առկա տեսագրություններին։
Բացի այդ, ժամանակավոր պահման մեկուսարանում տեղակայվելուց հետո Էլենե Խոշտարիան հրաժարվել է հանդիպել ժողովրդական պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների հետ», – նշված է ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։