Ներքին գործերի նախարարությունը բացահայտել է խարդախության փաստ, հանցավոր խմբի վեց անդամներ ձերբակալվել են,- այս մասին հայտնել են ՆԳ նախարարությունից։
«Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության կիբերհանցագործության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները, ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում, ձերբակալել են 6 անձի՝ 1976 թվականին ծնված Շ.Բ.-ին, 1996 թվականին ծնված Բ.Ճ.-ին , 1966 թվականին ծնված Ն.Խ.-ին, 1988 թվականին ծնված Մ.Խ.-ին, 1971 թվականին ծնված Թ.Ծ.-ին և 1971 թվականին ծնված Թ. Գ.-ին:
Նրանք մեղադրվում են նախնական համաձայնությամբ կատարված խարդախության մեջ, որը պատճառել է խոշոր չափի նյութական վնաս։ Հանցագործությունները նախատեսում են 6-ից 9 տարով ազատազրկում։
Գործի քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները 2022 թվականի սկզբին հանցավոր խմբի անդամների հետ միասին ծրագրել են խարդախությամբ յուրացնել ֆինանսական հաստատություններից մեկին պատկանող խոշոր չափի գումար։ Մտադրությունը իրականացնելու համար Շ.Բ.-ն, ով ընկերություններից մեկի տնօրենն է, դիմել է ֆինանսական հաստատությանը և պահանջել տեղադրել պոստտերմինալ։ Տերմինալը ստանալուց հետո հանցախմբի անդամները ապօրինի մանիպուլյացիաների արդյունքում ակտիվացրել են, այսպես կոչված՝ Պրեավտորիզացիայի գործառույթը:
Մեղադրյալները 2022 թվականի հունվարի 27-ից հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում, օգտագործելով արտերկրում գրանցված բանկի 2 բանկային պլաստիկ քարտ, որոնց վրա համապատասխան գումարներ չեն եղել, փոստ-տերմինալում կատարել են 16 տարբեր վճարումներ՝ ընդհանուր 2 314 890 լարի։ Ապօրինի գործարքներից հետո խմբի անդամները, նախնական պայմանավորվածության համաձայն, ամենակարճ ժամկետներում ապահովել են գումարի մի մասի փոխանցումը սեփական հաշվեհամարներին և միջոցների կանխիկացումը», – հայտնել են ՆԳ նախարարությունից։
Գերատեսչության տվյալներով՝ նրանց հանցավոր արարքով պատճառվել է 975 530 լարիի նյութական վնաս։
Շ.Բ.-ին պատկանող ավտոմեքենայի խուզարկության ժամանակ ոստիկանները առգրավել են հրազեն և 12 պարկուճ, որի կրելու իրավունքը մեղադրյալը չի ունեցել։ Շ.Բ.-ի կողմից կառավարվող ընկերության գրասենյակում խուզարկության ժամանակ առգրավվել է փոստ-տերմինալը, որի միջոցով հանցավոր խմբի անդամները կատարել են հանցագործությունը։ Մեղադրյալների անձնական, ավտոմեքենաների և բնակարանների խուզարկության արդյունքում իրավապահները առգրավել են խոշոր չափի գումար, բանկային պլաստիկ քարտեր, բջջային և համակարգչային սարքեր, ինչպես նաև տարբեր փաստաթղթեր։
Ձեռնարկվում են համապատասխան քննչական գործողություններ՝ հանցագործության մեջ ներգրավված այլ անձանց հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ։
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 4-րդ մասով, 180-րդ հոդվածի 2-րդ մասի «Ա» ենթակետով և 3-րդ մասի «Բ» ենթակետով, որոնք ենթադրում են հրազեն և ռազմամթերք ապօրինի կրելը, ինչպես նաև խարդախություն, խմբի կողմից նախնական պայմանավորվածությամբ, որը պատճառել է խոշոր չափի նյութական վնաս»,- ասված է հաղորդագրությունում։