Նեթանյահուն չի հերքում, որ դժվար հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ. «Մենք երբեմն անհամաձայնություններ ենք ունենում, ինչպես պատահում է լավագույն ընտանիքներում, բայց նա հարգում է ինձ, ես էլ՝ նրան»։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն CNBC-ին տված հարցազրույցում չի հերքել, որ դժվար հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Ես չեմ խորանա մեր զրույցների մանրամասների մեջ։ Մենք հազարավոր, շատ զրույցներ ենք ունեցել։ Եթե կարծում եք, որ սա ճգնաժամ է, պետք է լսեք այլ զրույցներ, բայց մենք միշտ լուծում ենք գտել», – ասել է Նեթանյահուն։
Նեթանյահուն ասել է, որ ինքը և Թրամփը համաձայն են «հիմնարար հարցերի» շուրջ, այդ թվում՝ Իրանի կողմից Իսրայելի, տարածաշրջանի և աշխարհի համար սպառնալիք ներկայացնելուց խուսափելու անհրաժեշտության հարցում։
«Մենք ունենք ընդհանուր նպատակներ։ Երբեմն, ինչպես պատահում է լավագույն ընտանիքներում, մենք մարտավարական անհամաձայնություններ ունենք։ Մենք միշտ գտնում ենք դրանք լուծելու միջոց։ Մենք դա անում ենք որպես լավ ընկերներ։ Առավոտյան կարող ենք անհամաձայնություններ ունենալ, բայց կեսօրին մենք միասին ենք գործում։ Նա հարգում է ինձ, ես հարգում եմ նրան։ Մենք միշտ գտնում ենք մեր տարաձայնությունները լուծելու միջոց», – ասել է Նեթանյահուն։