Ներքին գործերի փոխնախարար Գիորգի Սախոկիան աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան
Ներքին գործերի փոխնախարար Գիորգի Սախոկիան աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան

Ներքին գործերի նախարարի տեղակալ Գիորգի Սախոկիան պատվիրակության կազմում աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։ Այս մասին հաղորդում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։

Նախարարության տեղեկացմամբ՝ այցի շրջանակում նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովի հետ։

«Կողմերը քննարկել են երկու երկրի միջև իրավապահ ոլորտում առկա գործընկերությունը և դրա խորացման հնարավորությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել 2023 թ. նոյեմբերի 21-ին Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության ՆԳ նախարարությունների միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի նշանակությանը, որը ստորագրվել է երկու երկրների նախարարների կողմից։

Քննարկվել է նաև Վրաստանի և Ադրբեջանի իրավապահ մարմինների համագործակցությունը, ոստիկանության աթաշեների ինստիտուտի ամրապնդման հարցը, ինչպես նաև երկու երկրների ոստիկանության կրթական հաստատությունների միջև համագործակցության առաջնահերթ ուղղությունները։ Անդրադարձ է եղել լավագույն փորձի փոխանակման կարևորությանը, ինչպես նաև համատեղ ուսուցումների և դասընթացների կազմակերպման հարցերին։ Հանդիպման ավարտին Գիորգի Սախოკիան շնորհակալություն է հայտնել Վիլայաթ Էյվազովին՝ հյուրընկալության և արդյունավետ համագործակցության համար։

Այցի շրջանակում ՆԳ նախարարի տեղակալը՝ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մգեբրիշվիլիի հետ միասին, մասնակցել է Ադրբեջանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության հիմնադրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։ Գիորգի Սախոկիան այցելել է Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարության ակադեմիա, տեղում ծանոթացել ակադեմիայի ենթակառուցվածքներին և կրթական ծրագրերին, ինչպես նաև մասնակցել է տարեդարձին նվիրված հանդիսավոր շքերթին։

Բացի այդ, ՆԳ նախարարի տեղակալը այցելել է «Պատվո պուրակ» և «Նահատակների պուրակ», որտեղ հարգանքի տուրք է մատուցել Ադրբեջանի Հանրապետության երրորդ նախագահ Հեյդար Ալիևի և ադրբեջանցի հերոսների հիշատակին», – ասված է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունում։