Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, հանրահավաքի ժամանակ հասարակական կարգը խախտելու, իրավապահներին դիմադրություն ցույց տալու և նրանց վիրավորելու համար ձերբակալվել է 14 մարդ
Վրաստանի Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 14 մարդու։
Գերատեսչությունից պարզաբանում են, որ նրանք կալանավորվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով։
«Իրավապահները բազմիցս կոչ են արել հանրահավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին ենթարկվել ՆԳ նախարարության ներկայացուցիչների օրինական պահանջներին, չգերազանցել օրենքով թույլատրված հավաքների և արտահայտվելու ազատության շրջանակը: Հանրահավաքը հաշվի չի առել նրանց օրինական պահանջները, խախտել է հասարակական կարգը, դիմադրություն է ցույց տվել իրավապահներին և բանավոր վիրավորել նրանց, ինչի արդյունքում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով ոստիկանները բերման են ենթարկել 14 անձի», – ասված է նախարարության հաղորդագրությունում։
Բացի այդ, ըստ ՆԳ նախարարության, հանրահավաքի ժամանակ տուժել է ՆԳՆ մեկ աշխատակից։
«Թբիլիսում՝ Ռուսթավելի պողոտայում, խորհրդարանի շենքի մոտակայքում, կենտրոնացված են ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, հասարակական կարգը պաշտպանելու նպատակով։ Հանրահավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում տուժել է ՆԳ նախարարության մեկ աշխատակից, որին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն»,- ասված է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ։